Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օրերս Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումն առաջին հայացքից հիմք է տալիս ենթադրելու, որ երկու երկրների հարաբերություններում որոշակի բարելավման միտում է նկատվում:
Նախագահները քննարկել են հարցերի մի ամբողջական փաթեթ` հայտարարելով, որ հարաբերությունների բարելավումը երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից է բխում։
Մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Թրամփը նշել է նաև, որ Պուտինը` «հիանալի տղա է և արտակարգ մարդ», իսկ բուն հանդիպումը նա բնութագրել է մեկ բառով` «հրաշալի էր»։
Ռուսաստանի առաջնորդն, իր հերթին, այս հանդիպումը լավ հնարավորություն է որակել Հելսինկյան պայմանավորվածությունները շարունակելու համար։
Բացի Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակից կողմերը քննարկել են նաև մի շարք երկկողմ հարցեր, այդ թվում առևտրաշրջանառությունը խթանելուն և սպառազինության վերահսկողությանը վերաբերող:
Ուշագրավ է այն, որ հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել գործարար խորհուրդ կամ խորհրդատվական մեխանիզմ, որը կնպաստի առևտրաշրջանառությանը խթանելուն: Թրամփի խոսքով` երկրների միջև առևտրաշրջանառության ցածր մակարդակը «պարզապես ծիծաղելի է»:
Նշենք, որ չնայած Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, ԱՄՆ-ի մի շարք գործարարներ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական շուկայում աշխատելու հարցում: Սակայն երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը շարունակում է շատ ցածր մնալ:
Հատկանշական է նաև, որ բանակցությունները որոշակի նախադրյալներ ստեղծեցին զենքի սահմանափակման համար: Ռուսաստանի նախագահի խոսքերով, արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին հանձնարարվել է խորհրդակցություններ անցկացնել Միջուկային հարձակողական սպառազինությունների START պայմանագրի երկարացման հարցի շուրջ, որն ավարտվում է 2021 թվականին:
Ինչպես երևում է և´ բանակցությունների արդյունքից, և´ առաջնորդների հայտարարությունների,ց երկու երկրների հարաբերություններում որոշակի ջերմացում է նկատվում: Ամենից առաջ Թրամփ-Պուտին հադիպումը և հարաբերությունների կարգավորումը կարևոր է ներկայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից: Սակայն կհաջովի՞ նրանց պահպանել դրական տրամադրվածությունը և խոսքից գործի անցնել՝ միանշանակ ասելը դժվար է:
Իրականում, կարելի է ասել, որ ներկայումս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կախված են 2020թ.-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից և երկրում տիրող հակառուսական տրամադրությունների աստիճանից: Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններն ընտրությունների նախաշեմին վտանգ ներկայացնեն Թրամփի վարկանիշին, ապա վերջինս չի ձեռնարկի քայլեր` հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: