ԱՄՆ-ի Իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը հուլիսի 3-ին որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ կայացված վճիռները, որոնք արգելում են Պենտագոնի բյուջեից միջոցներ տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար:
Դատարանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձում էր վիճարկել Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի որոշումները, որոնք կայացվել էին մայիսին և հունիսին: Դրանցում ասված էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի կարող Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության բյուջեից միջոցներ ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնության:
Վերաքննիչ դատարանի վճռում նաև ընդգծված է, որ այն որոշումները, որոնք վերաբերում են տվյալ միջոցների տրամադրմանը, պետք է ընդունեն ԱՄՆ-ի Կոնգրեսի օրենսդիրները: