Պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդի քարտուղարները, դիտարկելով ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական ուժերի պատրաստման արդյունքները և նրանց պատրաստվածությունը առաջադրված խնդիրների լուծմանը, նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի հետագա կատարելագործման և պատրաստման, դրանց մարտական պոտենցիալի բարձրացման նպատակով, հաստատել են 2020 թվականի համար ուժերի և Հավաքական անվտանգության համակարգի միջոցների համատեղ պատրաստման պլանը։ Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը, հայտնում է News.am-ը:
Բացի այդ, նրա խոսքով, ճշգրտումներ են մտցվել նաև 2019-ի համանման ծրագրում։
Ընդ որում, Սեմերիկովը տեղեկացրել է, որ 2019-ին, բացի տարատեսակ հրամանատարաշտաբային զորավարժություններից և մարզումներից, կիրականացվեն վեց զորավարժություններ։
«Զորավարժությունները կանցկացվեն չորս պետություններում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում։ Զորավարժություններին կներգրավվի ընդհանուր թվով 12 հազար մարդ։ Բոլոր զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմաքաղաքական իրադրության ֆոնին և միասնական գաղափարով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։