ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր վարչակազմի ներկայացուցիչներն այլևս չեն ցանկանում գործ ունենալ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքի հետ՝ Միացյալ Նահանգների նախագահի հասցեին նրա ուղարկած քննադատական ուղերձների պատճառով: Միևնույն ժամանակ, Թրամփը խոստովանել է, որ ինքն ընդհանրապես չի ճանաչում այդ անձին, բայց արդեն չի սիրում նրան: Այս մասին Թրամփը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ես չգիտեմ դեսպանին… Սակայն նա պետք է իմանա ու հիշի, որ ԱՄՆ-ում իրեն չեն սիրում և այստեղ նա լավ հեղինակություն չի վայելում»- գրել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ նա չի զբաղվել Բրեքսիթի խնդիրներով. «Այն անկարգությունները, որը ստեղծել է նա Բրեքսիթի շուրջ ուղղակի սարսափելի է»- ամփոփել է Թրամփը՝ միաժամանակ շատ դրական գնահատելով իր վերջին այցը Մեծ Բրիտանիա: Թրամփը հիանալի նորություն է համարել այն, որ Միացյալ Թագավորությունը շուտով նոր վարչապետ կունենա: Նա նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայում իրեն ամենից շատ հիացրել է թագուհին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Daily Mail կայքում հրապարակվել էր տեղեկատվական մի արտահոսք, համաձայն որի Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերրոքը գաղտնի ուղերձներում և հաղորդագրություններում նախազգուշացնում էր բրիտանական կառավարությանը, որ «Թրամփի կարիերան կարող է ամոթալի ավարտ ունենալ» և Սպիտակ տանն առկա հակասությունները նկարագրել էր որպես «դանակով կռիվներ»:
Ինֆորմացիայի արտահոսքին ի պատասխան Թերեզա Մեյի գրասենյակի մամլո քարտուղարը հայտարարել էր. «Մենք հստակ հասկացրել ենք Միացյալ Նահանգներին, թե որքան ցավալի է այս արտահոսքը մեզ համար»: Նա նաև ասել էր, որ ընտրովի լուսաբանվող տեղեկատվական արտահոսքերը չեն արտացոլում այն հարաբերությունները և հարգանքը, որ առկա են իրենց միջև: Հայտարարության մեջ նաև ասվում է. «Միևնույն ժամանակ, մենք շեշտեցինք թե որքան կարևոր է, որ դեսպանները կարողանում են իրենց երկրի քաղաքականությանն ազնիվ և անկեղծ գնահատականներ տալ»:
Չի կարելի միանշանակ ասել, որ տեղեկատվության արտահոսքը դիտավորյալ էր կազմակերպված: Այնուամենայնիվ, շատ հազվադեպ են նման համընկումներ լինում, որ վարչապետի առաջիկա փոփոխության հետ միաժամանակ առաջանան նմանատիպ սկանդալներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք ինչպես նաև բրիտանական պահպանողական էլիտայի մի մասը, սպասում են նոր վարչապետին: Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները մշտապես եղել են ռազմավարական գործընկերային երկու կողմերի համար, այնուամենայնիվ Թրամփի և Մեյի մոտ չստացվեց զարգացնել հարաբերությունները, չեղան համագործակցության սերտ դրսևորումներ, ինչպես նախկինում եղել էր:
Այդ առումով Միացյալ Նահանգների սպասումները նոր վարչապետից բավական մեծ են, և ԱՄՆ նախագահն արդեն բարձրաձայն հայտարարում է այդ մասին: Վաշինգտոնը ցանկանում է Բրեքսիթից հետո իր համար էլ ավելի սերտ դաշնակից Բրիտանիա տեսնել: