Թեհրանը հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրսգալուն և դրա հետ կապված Եվրոպայի արձագանքին ի պատասխան դիտարկում է նախկինում ապաակտիվացրած ցենտրիֆուգների վերագործարկումը և ուրանի հարստացման մակարդակը մինչև 20 տոկոսի բարձրացմանը հնարավորությունը:
«Եթե գործարքի մասնակիցները, հատկապես եվրոպացիները, լրջագույնս չկատարեն իրենց պարտականությունները, երրորդ քայլը լինելու է ավելի ուժեղ, ավելի վճռական և փոքր-ինչ անսպասելի», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: Նախատեսվում է այս քայլն ավարտել 60 օրվա ընթացքում:
Իրանը հուլիսի 7-ին հայտարարել է միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլի մասին (առաջին փուլի մասին Իրանը հայտարարել էր մայիսի 8-ին՝ դադարեցնելով մասնավորապես հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին վերաբերող կետերով իր պարտավորությունների դադարեցման մասին) քանի որ գործարքի անդամ մյուս երկրները տրված 60 օրվա ընթացքում չեն կատարել Թեհրանի պահանջը՝ պաշտպանելու Իրանի տնտեսական շահերը: Մասնավորապես Իրանը սկսել է ուրանի՝ գործարքով թույլատրելի 3.67 տոկոսից բարձր մակարդակով հարստացման գործընթաց: Թեհրանում նշում են, որ խոսքը 4.5 տոկոսի մասին է, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում այս թիվը դեռևս ճշտում են:
Միացյալ Նահանգներն արդեն արձագանքել է Թեհրանի այս հայտարարություններին. պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին սպառնացել է միջազգային մեկուսացմամբ և նոր պատժամիջոցներով, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել միջուկային ծրագրի մասին հայտարարություններում՝ նշելով, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»:
Ինչ վերաբերում է եվրոպական երկրների արձագանքին, որոնց ներկայացվում են իրանական վերջնագրերը, պետք է նշել, որ գործարքի դրույթների լիարժեք կատարմանը վերադառնալու մասին վերջիններիս կոչերն ուղղված Թեհրանին, դժվար թե որևէ արդյունք տան: Ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Իրանում տնտեսական իրավիճակի վատթարացումն ազդում է նաև ներքաղաքական կյանքի վրա, և ընդդիմախոսներին լռեցնելու համար իշխանությունները չեն կարող այս ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկել:
Շատ փոքր է նաև հավանականությունը, որ եվրոպական երկրներն այս ընթացքում կկարողանան ամերիկյան պատժամիջոցները շրջանցող արդյունավետ մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, Իրանն աստիճանաբար դադարեցնում է իր մասնակցությունը միջուկային գործարքում, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի գործարքի չեղարկման:
Իրանի կողմից հայտարարվող ուրանի հարստացման մակարդակը դեռևս բավարար չէ միջուկային զենք ստեղծելու համար (անհրաժեշտ է ուրանը հարստացնել 20 տոկոսից բարձր մակարդակի): Բացի այդ, 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ Իրանի ներկայացրած միջուկային ծրագրի թղթածրարի համաձայն՝ Իրանը, ուրանի հարստացման դեպքում՝ եթե ոչինչ չխանգարի, միջուկային զենքի ստեղծմանը կարող է անցնել 17-20 տարի հետո միայն: Եվ չնայած այժմ ևս խոսքը դեռևս Իրանի միջուկային զենք ունենալու հեռանկարի մասին է, սակայն դա լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնում աշխարհում և հատկապես տարածաշրջանում:
Նման պայմաններում Հայաստանը պետք է բավականին լավ հաշվարկված տարածաշրջանային քաղաքականություն իրականացնի՝ Իրան-ԱՄՆ, Իրան-Արևմուտք առճակատման կողմ չդառնալու համար՝ հատկապես, որ երկու կողմն էլ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: Իրանի հետ հարաբերություններն այսօր կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ամերիկյան բարձրաստիճան շփումներում: Իրանն իր հերթին փորձում է ամեն կերպ ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ արագացնելով տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչի կարևորության մասին նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում:
Պետք է ունենալ հստակ գիտակցում, որ առճակատման կողմ դառնալու դեպքում մեզ համար անվտանգային խնդիրները շատ ավելի մեծ են լինելու, և մենք երբեք չենք կարող փոխարինել Իրանի հետ հարաբերություններն Արևմուտքի հետ հարաբերություններով և հակառակը: