Եվրահանձնաժողովի փոխնախագահի, Արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցչի պաշտոնում, որը պատասխանատու է Եվրամիության արտաքին քաղաքականության համակարգման համար, իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին կփոխարինի իսպանացի 72-ամյա Ջոզեֆ Բորելը:
Մի քանի հետաքրքիր փաստ նոր հանձնակատարի մասին.
- Դեմ է Կատալոնիայի անկախացմանը: Ծնունդով Կատալոնիայից Բորելը միշտ հանդես է եկել Կատալոնիայի անկախացման դեմ: Այժմ սոցիալական ցանցերում կատալոնացիների գլխավորությամբ արշավ է մեկնարկել #StopBorrell: ԶԼՄ-երում շրջանառվում է տեսանյութ, որում նա DW գործակալության հետ հարցազրույցի ընթացքում լքում է տաղավարը՝ Կատալոնիայի վերաբերյալ անցանկալի հարցերի պատճառով:
- Քաղաքական մեծ փորձառություն ունի: Բորելը քաղաքականությամբ է զբաղվում 1990-ականների սկզբից, զբաղեցրել է Իսպանիայի Հանրային աշխատանքի և տրանսպորտի նախարարի պաշտոնը, առաջադրվել է նախագահի պաշտոնում, զբաղեցրել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը 2004-2007թթ, իսկ 2018-ից զբաղեցնում է Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը:
- Աղմկահարույց հայտարարություններ է արել: Ռուսաստանն անվանել է «վաղեմի թշնամի և սպառնալիք», ինչը խնդիրներ է ստեղծել Մոսկվայում Իսպանիայի դեսպանի համար: Հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկախություն է ստացել «գրեթե առանց պատմության»՝ «Նրանք ընդամենը մի քանի հնդկացիների են սպանել»,- ասել է Բորելը: Նրան նաև համարում են Իրանի «համակիր»:
- Ներգրավված է եղել մի շարք սկանդալների մեջ: Կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված է եղել լքել պաշտոնը վերականգնվող էներգիայի Abengoa կազմակերպությունում, տուգանվել է գաղտնի տեղակատվության վաճառքի համար, հանել է թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ՝ ֆինանսական սկանդալում իր նախկին աշխատակիցների ներգրավված լինելու պատճառով:
Նոր հանձնակատարը բավական ոչ միանշանակ է ընկալվում Եվրոպայում, սակայն Եվրախորհրդարանի կողմից նրա թեկնածության հաստատումից հետո վերջինս համակարգելու է Միության արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների, նաև Հայաստանի հետ հարաբերությունները: Նոր հանձնակատարի հայացքները կարող են էլ ավելի սրել Եվրամիության և Ռուսաստանի հակասությունները, մյուս կողմից՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ նրա վերաբերմունքը կարող է բարդեցնել Հայաստանի երկխոսությունը Եվրամիության հետ Արցախյան հակամարտությանն առնչվող հարցերի շուրջ:
Կարևոր է լինելու Եվրամիության հետ համակարգային և բազմավեկտոր աշխատանքը, որը թույլ կտա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումների միջոցով չեզոքացնել հնարավոր խնդիրները: