Այսօր տեղի ունեցավ Հունաստանի նոր` արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կազմած կառավարության երդմնակալության արարողությունը: Այն անցկացվում էր Հունաստանի նախագահական պալատում նախագահ Պրոկոպոլիս Պավլոպուլոսի ներկայությամբ:
Մինչ այդ` հուլիսի 8-ին, կայացել էր նաև Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Մոցոտակիսի երդմնակալության արարողությունը: Միևնույն օրը երեկոյան հայտարարվել էր նոր կառավարության կազմը, որը վարչապետից բացի ներառում է 50 անդամ` 18 նախարար և նախարարների 32 տեղակալներ: Վարչապետի տեղակալ է նշանակվել իրավաբան Պանայոտիս Պիկրամմենոսը, ով 2012թ. եղել է կառավարության ժամանակավոր ղեկավար խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով:
Վարչապետ Միցոտակիսը նոր կաբինետի անդամների կազմ է ներառել երկու տասնյակ տեխնոկրատների, ովքեր ավելի վաղ գործունեություն են ծավալել ֆինանսների, բանկային, ներդրումների, արդյունաբերության, բիզնեսի, գիտական հետազոտությունների, ինֆորմատիկայի և այլ ոլորտներում:
Հունաստանի նոր խորհրդարանում ներկայացված կլինի ընդհանուր 6 կուսակցություն: Մինչ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունները իշխող ձախ ծայրահեղական ուժերի «ՍԻՐԻԶԱ» կոալիցիան պարտություն էր կրել` ստանալով ձայների 31,6%-ը: Երրորդ տեղը զբաղեցրել էին սոցիալիստները (8,3%), չորրորդը` կոմունիստները (5,3%), հինգերորդը` ծայրահեղ աջ «Հունական լուծում» կուսակցությունը (3,8%), վեցերորդը` «MeRA25»-ը (3,4 %): Մեկ այլ ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցություն խորհրդարան չի անցել:
Հունական նոր խորհրդարանի 300 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` 158 մանդատ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը, 86` ՍԻՐԻԶԱ-ին, 22` սոցիալիստներին, 16` կոմունիստներին, 10` ծայրահեղ աջերին և 9` «MeRA25» կուսակցությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 39,8% քվեով հաղթանակ էր տարել ընդդիմադիր, աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը` ստանալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և առանց որևէ կոալիցիայի կառավարություն ձևավորելու մանդատ: