ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով։ Ուրախացնող է նաև պատրաստակամությունը` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելու։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք նաև ՄԽ համանախագահների մտահոգությունն ենք կիսում` շփման գծի երկայնքով զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն խաղաղության համար նպաստավոր միջավայրը վերականգնելու և իրական բանակցությունների համար»,– ասաց Տուսկը։
Նրա խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։
ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության կառուցմանն ուղղված գործողություններին և պատրաստ է սատարել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասաց Դոնալդ Տուսկը։