ԵՄ Բարձր հանձնակատար, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին առաջադրել է տիկին Անդրեա Վիկտորինին՝ որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Իր հավատարմագրերը նախագահ Սարգսյանին հանձնելուց հետո դեսպան Վիկտորինը կստանձնի Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնը՝ փոխարինելով Պյոտր Սվիտալսկուն:
Կենսագրություն
Անդրեա Վիկտորինը ծնվել է Գերմանիայի Բոնն քաղաքում, 1957 թվականին: 1989 թվականից դիվանագիտական ծառայության է անցել Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչությունում: Ունի հարուստ դիվանագիտական փորձ՝ աշխատել է Էստոնիայում, Բելառուսում, Նիդերլանդներում գործող Գերմանիայի դեսպանատներում:
2007-2009թթ. Անդրեա Վիկտորինը եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Այնուհետև՝ 2012-2015թթ. աշխատել է որպես Լատվիայում Գերմանիայի դեսպան: 2015-2019-ին եղել է Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
«Գերմանիան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման հարցում». Անդրեա Վիկտորին
2007թ. օգոստոսի 13-ին՝ իր հավատարմագրերի պատճենները ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին հանձնելու ժամանակ Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձավ նաև արցախյան խնդրին՝ նշելով, որ իր երկիրը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման հարցում:
«Թեև Գերմանիան չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ընդգրկված չէ խաղաղ կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ, վերահաստատում է իր շահագրգռությունը՝ խնդրի արագ հանգուցալուծման և տարածաշրջանում կայունության հաստատման հարցում», - նշել է դեսպանը:
«ԵՄ-ն Հարավային Կովկասում երկարաժամկետ ռազմավարական շահ ունի, ուստի շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովվի». Անդրեա Վիկտորին
Դեսպան Վիկտորինը քաջածանոթ է Հայաստանին, Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին: 2 տարի՝ 2007-2009թթ., վերջինս եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը՝ ակտիվ գործունեություն ծավալելով այդ պաշտոնում: 2008-ի ռուս-վրացական պատերազմից և ստեղծված լարվածությունից հետո տարբեր միջոցառումների շրջանակներում բազմիցս հանդես է եկել ելույթներով՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը: «Վրաստանում տեղի ունեցածը զարթուցիչի նշանակություն ուներ բոլորիս համար, որպեսզի վերականգնենք և վերանայենք մեր հարաբերություններն ամբողջ տարածաշրջանում և աշխարհում», - ասել է այն ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հավելելով. «Մենք տեսել ենք երկու համաշխարհային պատերազմներ և կարողացել դուրս գալ այդ դժվարին իրավիճակից, որում գտնվել է Գերմանիան, և մենք ցանկանում ենք մեր փորձը փոխանցել բոլոր երկրներին»:
Այս ելույթից անցել է ավելի քան տասը տարի: Տարածաշրջանում եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև դրանց ավելացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ: Եվ տասը տարի անց դեսպան Վիկտորինը նորից վերադառնում է Հայաստան՝ այս անգամ արդեն ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում: