Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին ասել է, որ ԱՄՆ-ը չի հասել ցանկալի արդյունքների Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանում, որը հրավիրվել էր Իրանի միջուկային գործարքի պայմաններին հետևելու հարցով, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում էր հրավիրել արտահերթ նիստ Իրանի կողմից միջուկային գործարքի կատարման հարցով, սակայն երկրների մեծ մասը չի աջակցել այդ առաջարկին։ «Երկրները միաձայն դատապարտել են ԱՄՆ դուրս գալը ԳՀՀԾ-ից և նշել, որ նման հանդիպումը համաձայնագրի դրույթների քննարկման վայր չէ։ Այդ հարցը պետք է լուծվի «5+1» խմբի նիստում»,- ասել է նա։
Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ «հատուկ նստաշրջանում ԱՄՆ-ը մեկուսացման մեջ է հայտնվել և չի կարողացել ստանալ այն, ինչին ձգտում էր»։
«Միացյալ Նահանգները մտադիր էր օգտագործել հանդիպումը իր քաղաքական շահերն առաջ տանելու, Իրանին հակազդելու համար, բայց նրանց մոտ ոչինչ չստացվեց»,- ասել է Քազեմ Ղարիբ Աբադին։