Եվրասիական զարգացման բանկը(ԵԱԶԲ) հետաքրքրված է մասնակցելու Հայաստանում Զվարթնոց օդանավակայանի վերակառուցման աշխատանքներին: Այդ մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ կառավարման նախագահ Անդրեյ Բելյանինովը:
«Մենք շատ կցանկանայինք մասնակցություն ունենալ Զվարթնոց օդանավակայանի վերակառուման շարունակմանը: Այնտեղ դեռ տեղ կա մեզ համար»,- ասել է նա:
ԵԱԶԲ ընթացիկ ներդրումային պորտֆելը Հայաստանում 81.757 մլն ԱՄՆ դոլար է (ընդհանուրը՝ մոտ 4 մլրդ): 2019թ առաջին կիսամյակում Հայաստանում 6 մլն դոլարի ներդրում է կատարվել Բանկի կողմից, համապատասխան պայմանագիրը կնքվել է «Կոնվերս բանկ»-ի հետ:
«Հեռանկարների տեսանկյունից մենք կարծում ենք, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է: Մենք աշխատելու ենք ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմամբ: Կշարունակենք աշխատել նրանց հետ»,- նշել է Բելյանինովը:
Նա նաև ընդգծել է, որ ԵԱԶԲ-ն շարունակելու է աշխատանքը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ: «Դա համակարգային աշխատանք է, որը նպաստում է ինտեգրացիային և սեփական տնտեսության զարգացմանը»,- հայտարարել է Բանկի կառավարման նախագահը:
«Սպայկա» արտահանող առևտրային ընկերության և Ucom-ի հետ գործարքները դեռ դիտարկվում են: Անդրեյ Բելյանինովը հրաժարվել է մեկնաբանել գործընթացը՝ նշելով, որ ԵԱԶԲ-ն դեռ չի «թաղում դրանք և լավատեսությամբ է վերաբերվում գործընթացին»: «Ցանկալի է, որ մեր ամենախիստ վերահսկողությունն ավելի ուշադիր դիտարկեր պայմանագիրը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Սպայկա»-ի հետ կապված ԵԱԶԲ-ի ներդրումային ծրագիրը կասեցվել է ընկերության դեմ հարուցված քրեական գործի պատճառով: