Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի և իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրադրության պատճառով ռազմական էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները: Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչը:
«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում է, նրանք կկենտրոնանան տարածաշրջանում և Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա և կքննարկեն գոյություն ունեցող ռիսկերի նվազեցման ուղիները»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածության կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա պայմանագրի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել է աղբյուրը: