Հարավային Կորեան պահանջում է անցկացնել ՄԱԿ-ի կամ այլ միջազգային մարմնի հետաքննություն՝ կապված Ճապոնիայի հայտարարությունների հետ այն մասին, որ Սեուլը չի պահպանում Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնում է AP-ն:
Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության պետի տեղակալ Կիմ Յու Գինը հայտարարել է, որ Սեուլը խստորեն կատարում է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ պատժամիջոցները: Նա պահանջել է, որ Ճապոնիան ներկայացնի վարչապետ Սինձո Աբեի և նրա օգնականների հայտարարությունների ապացույցներ առ այն, որ, հնարավոր է, տեղի է ունեցել Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա զգայուն նյութերի ապօրինի փոխանցում:
Տոկիոն անցյալ շաբաթ խստացրել էր Հարավային Կորեա ճապոնական ֆոտոռեզիստների և այլ զգայուն նյութերի մատակարարումների հաստատման գործընթացը՝ հայտարարելով, որ նման նյութերը կարելի է արտահանել միայն հուսալի առևտրային գործընկերներին: Այս քայլը երկրների միջև դիվանագիտական վեճ է առաջացրել, որը հարաբերություններն էլ ավելի է փչացրել: