Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի հունիսի 21-22-ը կայացած նստաշրջանն ամփոփող փաստաթուղթը, որում ուշագրավ անդրադարձեր կան նաև Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես, հանձնաժողովն, անդրադառնալով դատարաններն արգելափակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, պնդում է, որ դատարանների նկատմամբ վստահության պակասը չի նշանակում, որ ձեռնարկված միջոցները կարող են չհամապատասխանել Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին: Ընդ որում, հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի այս կոչում տեսնում է նաև քաղաքական ենթատեքստ՝ մատնանշելով, որ դրան նախորդել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումը: Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովի համար դատարանների մուտքերը փակելու գործողություններն որպես ինքնաբուխ ակցիաներ ներկայացնելու ՀՀ իշխանությունների փորձերը համոզիչ չեն եղել:
Մյուս ուշագրավ անդրադարձը վերաբերում է վեթինգին: Թեև Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ անցումային արդարադատություն իրականացնելու և դրա գլխավոր գործիքներից մեկի՝ վեթինգի ներդրման հարցում ունեն միջազգային հանրության աջակցությունը, փաստաթղթից պարզ է դառնում, որ առնվազն Եվրոպայի խորհրդում ՀՀ իշխանությունների այդ մտադրությունն առանձնապես հավանության չի արժանացել. ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկումների արդյունքում «համաձայնություն է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։
Հանձնաժողովն անդրադարձել է նաև սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարություններին՝ կապված ՍԴ նախագահի և մինչև 2018 թվականի ապրիլ ընտրված դատավորների լեգիտության հետ: Մասնավորապես, հանձնաժողովն անհիմն է համարում Վահե Գրիգորյանի ՍԴ «դատավոր-անդամ» բառախաղի վրա հիմնված պնդումները՝ արձանագրելով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ «Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունն Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ», - ասվում է փաստաթղթում։
Այսպիսով, կարող ենք արձանագարել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներն անցումային արդարադատության միջոցով իրականացնելու իշխանությունների մտադրությունը միջազգային հանրության կողմից առանձնապես չի ողջունվում: Այս համատեքստում ողջունել է, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են Եվրոպայի խորհրդի հետ համընդհանուր վերթինգ չիրականացնելու հարցում: