Եվրամիությունը դադարեցնում է երկխոսությունը Թուրքիայի հետ և պատժամիջոցներ է կիրառում վերջինիս նկատմամբ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքների պատճառով: Նման որոշում է կայացրել Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը:
Որոշվել է կրճատել 2020թ-ին Թուրքիայի համար նախատեսված ֆինանսական աջակցությունը, դադարեցնել Թուրքիա-ԵՄ ասոցիացիայի խորհրդի գործունեությունը և բանակցությունները օդային փոխադրումների համաձայնագրի շուրջ: ԱԳ նախարարների խորհուրդը նաև հորդորել է Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի ֆինանսավորման ծրագրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան 1999թ-ից Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր է: 1995-ից Թուրքիան Եվրամիության հետ Մաքսային միության անդամ է: Միայն 2018-ին Եվրոպական ներդրումային բանկը Թուրքիային 385.8 մլն եվրո է տրամադրել: 2014-2020թթ. ծրագրով ԵՄ ֆինանսավորումը Թուրքիային նախատեսված է 4 մլրդ 453.9 մլն եվրո: Եվս 3 մլդ եվրո տրամադրվել է Եվրամիության կողմից սիրիացի փախստականներին ընդունելու և նրանց համար պայմաններ ստեղծելու համար:
Չկարգավորված կիպրական հակամարտությունը և թուրք-կիպրական հակասությունները մշտապես եղել են Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը: Այն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր խոչընդոտներից է: Ներկայիս լարվածությունը սկսվել է գարնանը, երբ Թուրքիան սկսել է հորատման աշխատանքներ կատարել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Անկարան պնդում է, որ իրավունք ունի հորատել գազի հանքավայրերը, քանի որ դրանք մասնակիորեն պատկանում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի կողմից Անկարայի այս քայլը գնահատվել է որպես ներխուժում բացառապես կիպրական տնտեսական գոտի: Աթենքը կոչ էր արել Բրյուսելին միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ:
Եվրամիության հետ այս հարցն սկզբունքային է, քանի որ ուղղակիորեն առնչվում է իր անդամ երկրին, հետևաբար նաև՝ Եվրամիության տնտեսական գոտուն: Բացի այդ, Թուրքիան այս կերպ փորձում է ամրապնդել իր դիրքերը կղզում և լեգիտիմացնել իր ներկայությունը: Եվրամիությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը և Թուրքիայի իրավունքները կղզու հյուսիսի նկատմամբ, և բնականաբար՝ փորձում է կանխել Թուրքիայի գործողությունները:
Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ այս զարգացումները գումարվելով ռուսական Ս-400-երի ձեռքբերումից հետո Թուրքիա-ԱՄՆ ներկայիս լարվածությանը՝ զգալիորեն հեռացնում են Թուրքիային Արևմուտքից և կարող են էլ ավելի սերտացնել Ռուսաստանի հետ Անկարայի գործընկերությունը:
Այս իրավիճակը, մի կողմից մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից, մյուս կողմից՝ Կիպրոսի, Հունաստանի հետ մեր բարեկամությունը խորացնելու հնարավորություններ ստեղծում: Ստեղծված իրավիճակը կարող է նպաստավոր լինել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Եվրամիության կողմից Թուրքիայի վրա ճնշման մեծացման հասնելու համար: Այս ամենը կարող է բավական հագեցած օրակարգ ապահովել վերջերս ձևավորված Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության ձևաչափի համար: Դրա համար ինտենսիվ և ուղղորդված աշխատանք է անհրաժեշտ: