ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեներից մեկի զեկույցում պատահաբար բացահայտվել է ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման վայրերը, հայտնում է The Washington Post թերթը:
ՆԱՏՕ ԽՎ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կանադացի անդամի հեղինակած «Միջուկային զսպան նոր դարաշրջա՞ն: Արդիականացում, զենքերի վերահսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» վերնագրով զեկույցը հրապարակվել է ապրիլին, սակայն հետագայում այն հեռացվել է: Այդ զեկույցում հիշատակվում է մոտ 150 միջուկային մարտագլխիկի գտնվելու վայրը:
Զեկույցի կրկնօրինակը հուլիսի 16-ին հրապարակել է բելգիական De Morgen թերթը: Նշվում է, որ «ռումբերը պահվում են 6 ամերիկյան և եվրոպական բազաներում՝ Բելգիայի Կլյայն Բրոգելում, Գերմանիայի Բյուխելում, Իտալիայի Ավիանոյում և Գեդի Տորրեում, Նիդեռլանդների Վոլկելում և Թուրքիայի Ինջիրլիքում»:
Փաստաթղթում տեղեկությունը տրվում է առանց որևէ աղբյուրի հղում կատարելու: Զեկույցի հեղինակ Ժոզեֆ Դեյը հայտարարել է, որ փաստաթղթում առկա ողջ տեղեկությունը բաց աղբյուրներից է վերցված: