Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին «ԱԻՖ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում՝ թույլ տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում:
«Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հավաստիացնում էր, որ եկել է «պատմության ավարտը», և այժմ նա կարող է կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, կառավարել ներքաղաքական գործընթացները: Ուկրաինան, երևի թե, ամենավառ օրինակն է:
Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված:
Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական գծով, միջազգային ասպարեզում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է:
Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը», - ասել է Լավրովը: