Սերբիա այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխզիջումների կոչ արեց Սերբիային և Կոսովոյին և հրավիրեց երկխոսության՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջնորդությամբ:
Հուլիսի 15-16-ը տեղի ունեցած այցը 18 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիայի ղեկավարի առաջին այցն էր Սերբիա, ինչը հանդիսացավ նաև Բալկաններում ֆրանսիական ներկայության աճի վերաբերյալ Մակրոնի կողմից հայտարարված նոր ռազմավարության հերթական դրսևորումը: Այս ռազմավարության մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր 2019-ի ապրիլի 29-ին՝ Բեռլինում կայացած Արևմտյան Բալկանների երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովի ընթացքում: Ի դեպ, Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպում տեղի էր ունեցել նաև վերոնշյալ գագաթաժողովի շրջանակներում՝ չարձանագրելով, սակայն, շոշափելի արդյունքներ: Լարված հարաբերությունների ֆոնին չկայացավ նաև Ֆրանսիայում սպասվող Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների Վուչիչ-Տաչի հանդիպումը, ինչին կրկին անդրադարձավ Ֆրանսիայի առաջնորդը:
Սերբիայում գտնվող Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ ընդգծեց Սերբիա-Կոսովո հաշտության ձեռքբերման կարևորությունը Եվրոպայի համար` նշելով, որ «մոտակա շաբաթներին» Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները կհանդիպեն Փարիզում՝ սկսելու համար փնտրել «համընդհանուր և կայուն լուծումներ»: Մակրոնի խոսքում առանցքայինը փոխզիջումների կարևորության ընդգծումն էր, որի գիտակցման ու կյանքի կոչման հարցում ցուցաբերած պատրաստակամության համար հատուկ առանձնացվեց Սերբիայի նախագահի՝ Ալեքսանդր Վուչիչի դերը:
Եվրոպան մարտական է տրամադրված Սերբիա-Կոսովո հարաբերություններում առաջընթաց արձանագրելու հարցում՝ կարևորելով, այդ թվում, իրենց կողմից այս տարիների ընթացքում գործադրած ջանքերը: Այս հարցում ունեցած եվրոպացիների նախանձախնդրությունը հերթական անգամ վառ արտահայտվեց Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի այն հայտարարությունից հետո, որ առանց Միացյալ Նահանգների աջակցության հակամարտությունը չի կարող կարգավորվել: Սերբիայում Մակրոնը շատ հստակ արտահայտվեց. «Եվրոպան չի կարող հաշտվել անվերջ ձգվող հակամարտությունների հետ, ինչպես նաև այն փաստի հետ, որ Եվրոպայից դուրս գտնվող ուժերը որոշումներ կայացնեն այդ հակամարտությունների հետ կապված»:
Դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կլինի Փարիզում նախատեսվող հանդիպումը, հատկապես վերջին շրջանում Կոսովոյի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման ու առավելապաշտական մոտեցումների պարագայում: Բավական է միայն նշել Հաշիմ Տաչիի՝ մոտ երկու ամիս առաջ արած հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Պրիշտինայի կողմից կարող է դիտարկվել Ալբանիայի հետ միավորման համար հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Միաժամանակ, Կոսովոն չի հրաժարվում նաև սերբական ապրանքների համար սահմանած 100 տոկոսանոց մաքսատուրքերից, ինչը լուրջ քննադատություններ առաջ բերեց Եվրամիության և առանձին եվրոպական երկրների կողմից:
Եվ այնուամենայնիվ, Մակրոնի այն մոտեցումը, որ «Եվրոպան չի կարող հաշտվել անվերջ ձգվող հակամարտությունների հետ» և որ հակամարտության լուծման բանալին փոխզիջումներն են, շատ կարևոր է նաև մեր պարագայում: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան Կոսովո-Սերբիա հակամարտության լուծումը տեսնում է ուղիղ երկխոսության ու փոխզիջումների մեջ: Հետևաբար, պիտի ընդունի նաև Ադրբեջան-Արցախ երկխոսության անհրաժեշտությունը՝ արցախյան խնդրի կարգավորման համատեքստում: Անշուշտ, այստեղ անելիքներ ունենք նաև մենք, առավել ևս, որ Կոսովոյի կողմից՝ Ալբանիային միանալու մասին հայտարարություններից հետո երկու հակամարտությունների միջև տարբերություններ դնելն ու դրանով երկակի ստանդարտների կիրառումը հիմնավորելը կորցրել է իր արդիականությունը: