Հուլիսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ: Հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի շուրջ:
Ելնելով ջրի պահանջարկի աճը բավարարելու նկատառումներից՝ ներկայումս Թուրքիան Արաքս գետի վրա կառուցում է Կարակուրտի ջրամբարը, որը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Բացի այդ, նախատեսվում է կառուցել նաև Թուզլուջայի ու Սոյլեմեզի ջրամբարները: Ի դեպ, վերջինս Թուրքիայի թվով չորրորդ ամենամեծ ջրամբարն է լինելու:
Այս ջրամբարների կառուցումը Հայաստանի համար մտահոգիչ է նրանով, որ կարող է հանգեցնել Արաքս գետի ջրերի հոսքերի զգալի կրճատմանը: Այն առաջին հերթին բավականին մեծ վնաս կարող է հասցնել Արարատյան դաշտին, քանի որ հողատարածքների ոռոգման համար օգտագործվում են նաև Արաքսի ջրերը: Հայաստանի վրա բացասական ազդեցության չափը կախված կլինի նաև նրանից, թե ինչ արագությամբ Թուրքիան կփորձի լցնել Կարակուրտի ջրամբարը։
Կարելի է ասել, որ այս քայլով Թուրքիան փորձում է ջրային ռեսուրսների վրա լիակատար վերահսկողություն սահմանել, ինչը կարող է հետագայում օգտագործվել նաև Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու նպատակով:
Այսպիսի իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է առաջին հերթին գործողությունների հստակ հայեցակարգ ունենան:
Իհարկե, ողջունելի է, որ հարցը բարձրաձայնվում է տարբեր միջազգային հարթակներում, սակայն միայն բարձրաձայնելը բավարար չէ հարցին լուծում տալու համար: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու միջազգային նորմերի խախտում և Հայաստանի տնտեսության վրա ճնշման լրացուցիչ լծակների ձեռքբերումը: