Թեև հունիսին ճապոնական Օսակայում Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ Թրամփն ըմբռնումով էր մոտեցել ռուսական S-400 համակարգեր ձեռքբերելու Անկարայի որոշմանը, պատժամիջոցներից Թուրքիային, այնուամենայնիվ, չհաջողվեց խուսափել: ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի մասնակցությունը նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում կասեցնելու մասին: Պենտագոնի ներկայացուցիչ Էլեն Լորդի խոսքերով, այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ից:
Նշվում է, որ Թուրքիայի դուրս գալը մեծ վնաս չի հասցնի F-35-երի ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել, իսկ Թուրքիան կկորցնի 9 մլրդ դոլար:
Անկարան արդեն արձագանքել է ԱՄՆ այս որոշմանը՝ նշելով, որ այն ոչ մի օրինական հիմնավորում չունի և կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Եվ S-400-ների շուրջ զարգացումները կարող են որոշիչ լինել թուրք-ամերիկյան ճգնաժամային հարաբերությունների համար: Արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների սրումը կարող է ավելի սերտացնել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի համար առաջացնելով տարածաշրջանում էլ ավելի մեծ մարտահրավերներ, քան S-400-ների գործարքը: Ի դեպ, Ռուսաստանում, ի պատասխան F-35-երի գործարքից Թուրքիայի բացառման, արդեն հայտարարում են փոխարենը Սու-35 ինքնաթիռների մարտակարարման պատրաստակամության մասին:
Թերևս սրանով է պայմանավորված, որ Վաշինգտոնում հայտարարում են, որ պատրաստվում են շարունակել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, իսկ ՆԱՏՕ-ում էլ՝ որ Թուրքիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու հարց չի բարձրացվել՝ չնայած ավելի վաղ նման հանարավորության մասին առնվազն ակնարկվում էր: «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ ոք երբեք այդ հարցը չի բարձրացրել, որովհետ մենք հասկանում ենք՝ բոլորս կախված ենք միմյանցից», - նշել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ S-400-ները հնարավոր չէ ինտեգրել «դաշինքի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերում», սակայն Թուրքիան նախկինի պես կարող է դրա մասը լինել։
Միմյանցից կախվածությունը լավ գիտակցում են նաև Թուրքիայում, որի անվտանգային համակարգը տասնամյակներ շարունակ ինտեգրվել է ՆԱՏՕ-ի համակարգին. ռազմական և անվտանգային հարցերում դեպի Ռուսաստան շրջադարձը Թուրքիայի համար կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել: