ԱՄՆ-ի քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) կվերանայի նատուրալիզացիայի թեստը: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Նշվում է, որ ծառայությունը կվերանայի նատուրալիզացիայի համար ընթացիկ թեստը՝ բարելավումներ ներմուծելով, որպեսզի երաշխավորվի հայցորդի՝ որպես ապագա քաղաքացու՝ իր իրավունքների և պարտականությունների մասին գիտելիքի ճշգրիտ գնահատումը:
Ծառայության հաղորդմամբ՝ 2018-ին USCIS-ը ձևավորել էր աշխատանքային խումբ` քաղաքացիության ստացման թեստի վերանայման համար: Այս խումբը կքննարկի հնարավոր փոփոխությունները, որոնք կընդգրկվեն թեստի խոսակցական մասում: Թեստի ներդնումը նախատեսված է 2020-ի դեկտեմբերին կամ 2021-ի սկզբին: Պիլոտային տարբերակը կփորձարկվի այս աշնանը:
Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 312-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիության համար դիմողները պետք է հասկանան «անգլերենին, այդ թվում` կարողանան կարդալ, գրել և խոսել» և իմանան «ԱՄՆ պատմության հիմունքները, սկզբունքները և պետական կարգը»: