Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ ԵՄ-ն և Հայաստանը գերազանց հարաբերություններ ունեն: Վերջինս նման տեսակետ է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող ասուլիսում:
«Թույլ տվեք այս պահին կրկնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան այցի ընթացքում ասածը: Մեր գնահատականն այն է, որ մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Եվ բոլոր գործոնները, որ սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ նման հայտարարությունները կշիռ ունեն: Մենք ունենք բավականին ակտիվ ու բարեկամական քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակից սկսած»,-ասաց Սվիտալսկին:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշեց, որ փաստաթուղթն արդեն մտնում է իրականացման փուլ: Դեսպանը նշեց՝ հիմա հայկական կողմի հետ քննարկում են այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել այդ ճանապարհային քարտեզի իրականացմանը: