Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խմբագրեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքվում արված հայտարարությունները:
Դեսպանը հավատացրեց, որ Եվրամիության դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ անփոփոխ է մնում. ԵՄ-ն բացառում է հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը և լիակատար աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ջանքերին: Հղում կատարելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը:
«ԵՄ-ն շատ հետևողական է, նույնիսկ երբ երբեմն այս դիրքորոշումն արտահայտվում է տարբեր բառերով, տարբեր բառակապակցություններով: Բայց դիրքորոշումը նույնն է»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:
Հուլիսի 9-ին Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահը հատուկ ընդգծել էր, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Բնական է, որ այս հայտարարությունն ու դրանից հետո Երևանում այն խմբագրելու ոչ մի փորձ չանելը մտահոգության տեղիք էին տվել՝ առավել ևս հաշվի առնելով Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցություններն ու այդ համաձայնագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ամրագրելու Ադրբեջանի փորձերը:
Հուսադրող է, որ դեսպանը փորձ է անում խմբագրել Տուսկի խոսքերը և ևս մեկ անգամ հաստատում է, որ Եվրամիության դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել: Սակայն, «երբեմն հնչող տարբեր ձևակերպումների» արդարացումը որևէ կերպ ընկալելի լինել չի կարող: Ադրբեջանի համար ականջահաճո հայտարարությունները ԵՄ ամենաբարձր պաշտոնյաների կողմից չեն կարող բացատրվել որպես պարզապես տարբեր ձևակերպումներ: Եվ հայկական կողմի պաշտոնական արձագանքը պետք է հստակ հասկացնի, որ մեզ համար դա ընդունելի և ընկալելի չէ: Հակառակ դեպքում, սա կարող է ձեռագիր դառնալ և օգտագործվել Բաքվի կողմից:
Ցավոք, Հայաստանում այդ խնդիրը բարձրաձայնվեց միայն փորձագիտական և լրագրողական մակարդակով: