Հետխորհրդային երկրի ծագում ունեցողների, այդ թվում հայերի համար ավելի հեշտ կլինի ՌԴ քաղաքացի դառնալը
Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) և ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։ Միաժամանակ, ԺԲԹ ստանալու հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչև չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ, գրում է ռուսական «Պառլամենտսկայա գազետա» պարբերականը։
Այս օրինագիծը, որը պատրաստել է ՌԴ կառավարությունը, Պետական դուման նախատեսում է քննարկել երրորդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին, լիագումար նիստում, փոխանցում է news.am-ը:
Մասնավորապես, ԺԲԹ ստանալու իրավունք առանց քվեի առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք.
ծնվել են Ռուսաստանի տարածքում,
Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձինք են և ունեն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում,
վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար փախստականների վերաբնակության և իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի և այլ պետությունների հետ։
ԺԿԹ ձևակերպելու իրավունք՝ առանց նախնական ԺԲԹ ստանալու, ցանկանում են տալ մի շարք օտարերկրացիների, որոնց թվում են.
ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող քաղաքացիները,
Ռուսաստանի տարածքում ծնված երեխաները, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն բնակության իրավունք,
քաղաքացիները, որոնց ծնողները կամ երեխաներն ունեն ՌԴ քաղաքացիություն և մշտապես ապրում են այստեղ,
Ռուսաստանում կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետներ աշխատող օտարերկրացիները,
երկրի տարածքում ապրող անձինք, որոնց ՌԴ քաղաքացիությունն ընդհատվել է (բացի ՌԴ Քր.օր. ծանր հանցագործությունների հոդվածներով, առաջին հերթին ահաբեկչության համար դատապարտվածները),
ռուսական բուհերը գերազանցությամբ ավարտած օտարերկրացիները։
Քանի որ բնակության իրավունքը կդառնա անժամկետ, կառավարությունը առաջարկում է բարձրացնել դրա հանձնման պետական տուրքի չափը՝ 3,5 հազար ռուբլուց դարձնելով 5 հազար ռուբլի։