Տաջիկստանի մեկ քաղաքացի զոհվել է, երեքը՝ վիրավորվել հրազենից, իսկ յոթը ստացել ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ Ղրղզստանի հետ սահմանին բախման հետևանքով: Այս մասին ասվում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի ծառայության հայտարարությունում։
Ավելի վաղ Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել էր, որ հինգ մարդ տուժել է փոխհրաձգության պատճառով Տաջիկստանի սահմանին։ Դուշանբեում հայտարարել են, որ մեկ մարդ զոհվել է։
«Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Իսֆարա կատարելիք աշխատանքային այցի և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպման նախապատրաստման ընթացքում Տաջիկստանի բնակիչները Վորուխ բնակավայրում սյան վրա տեղադրել են Տաջիկստանի դրոշը»,- ասվում է հայտարարությունում։
Տաջիկստանի սահմանապահ զորքերի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 16.35-ին ղրղըզ քաղաքացիները սկսել են խանգարել դրան՝ տեղադրելով վահանակ «Օքսոյ» գրությամբ և իրենց երկրի դրոշը։ Ինչպես կարծում են Դուշանբեում, քանի որ Ղրղզստանի քաղաքացիները դա արել են Տաջիկստանի տարածքում, Վորուխի բնակիչները խոչընդոտել են նրանց, ինչի արդյունքում՝ երկու երկրների քաղաքացիների միջև կոնֆլիկտ է առաջացել։