Ուկրաինայում հուլիսի 21-ի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիրքերը: Ըստ նախնական արդյունքների՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է մոտ 253 մանդատ Գերագույն Ռադայում և առանց կոալիցիայի կարողանալու է կառավարություն ձևավորել:
Ուշագրավ է, որ վերջին անգամ 1990-ին է ուկրաինական խորհրդարանում մեկ ուժ ստացել մանդատների մեծամասնությունը և միայնակ կառավարություն ձևավորել: Սա նշանակում է, որ երբևէ նորանկախ շրջանում որևէ քաղաքական ուժ այդքան մեծ աջակցություն չի վայելել հասարակության շրջանում:
Դրա հետ մեկտեղ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Ռազումկինը, դեռ նախքան վերջնական արդյունքների հրապարակումը, հայտարարել է, որ իրենք բաց են համագործակցության համար: Սակայն, կոալիցիայի անհրաժեշտություն չի առաջանա, և Զելենսկիի երիտասարդ և քաղաքական մեծ փորձառություն չունեցող թիմն այժմ ինքնուրույն պետք է ստանձնի երկրի կառավարման ողջ պատասխանատվությունը:
Ուշագրավ է նաև, որ Ռադայում այլևս ներկայացված չեն լինի «Աջ սեկտորը», Օլեգ Լյաշկոյի ռադիկալ կուսակցությունը և Եվրամայդանից հետո ժողովրդականություն ստացած այլ քաղաքական ուժեր և գործիչներ: Ընդամենը 8 ձայն է հավաքել Նադեժդա Սավչենկոն, ով բանտարկվել էր Ռուսաստանում և Ուկրաինա վերադարձավ հերոսի կարգավիճակում: Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Եվրամայդանի ալիքի վրա քաղաքական դաշտ եկած ուժերն ու գործիչները կորցրել են իրենց ժողովրդականությունը: Կարելի է ասել, որ Ուկրաինան նոր փուլ է թևակոխում, ժողովուրդն ընտրում է նոր քաղաքական ուժերին:
Ընտրությունների նման արդյունքները որոշակի հույսեր են առաջացնում ռուսական կողմի մոտ: Դրան նպաստում է նաև այն, որ ռուսամետ հայացքներ ունեցող Յուրի Բոյկոյի գլխավորած «Ընդդմիադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցությունը երկրորդ տեղում է՝ ընտրաթերթիկների 92.55 տոկոսի ամփոփումից հետո:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ներքաղաքական խճանկարը զգալի փոփոխությունների է ենթարկվում, և Հայաստանի համար կարևոր է լինելու օգտագործել այս պահը և դրական լիցք հաղորդել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բավական «կնճռոտ» հայ-ուկրաինական միջպետական հարաբերություններին: Միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը պետք է այդ ուղղությամբ տարվող աշխատանքի հարթակներից մեկը լինել:
Գերագույն Ռադայի նախորդ գումարման կազմում Հայաստանի հետ բարեկամական խումբը գլխավորում էր Օլեգ Լյաշկոյի ռադիկալ կուսակցության ներկայացուցիչը, ով ներկայացված չի լինելու նոր կազմում: Հետևաբար, այժմ առաջնային խնդիրը պետք է լինի բարեկամական խմբի նոր ղեկավարի նշանակումից անմիջապես հետո ինտենսիվ շփումներ ծավալել, նախորդ գումարման խորհրդարանների արված աշխատանքը հիմք ընդունելով, զարգացնել և առաջ մղել համատեղ օրակարգը՝ ցուցաբերելով շահագրգռվածություն և ակտիվ նախաձեռնողականություն:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հետ կանչեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լատվինին: Այժմ կարևոր է դիվանագիտական խողովակներով սերտ աշխատել Ուկրաինայի ղեկավարության հետ հնարավորինս արագացնելու նոր դեսպանի նշանակումը՝ հաշվի առնելով անցյալի փորձը, երբ մոտ չորս տարի Ուկրիանան գործող դեսպան չուներ Հայաստանում: