Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Թագավորության իշխող պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Նա նաև դառնալու է երկրի հաջորդ վարչապետը:
Պահպանողական (Թորիների) կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլում մրցակցում էին Բորիս Ջոնսոնն ու արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթը: Ըստ այսօր ներկայացված արդյունքների` Բորիս Ջոնսոնը ստացել է կուսակցության շարքային անդամների 92 153-ի ձայն, իսկ Ջերեմի Հանթը`46 656:
Ջոնսոնը պաշտոնապես կառավարության ղեկավարի պարտականությունները կստանձնի վաղը՝ հուլիսի 24-ին: Ըստ արարողակարգի, նախատեսվում է, որ նախկին վարչապետ Թերեզա Մեյը կմեկնի Բուքինգհեմյան պալատ` խնդրելու թագուհի Եղիսաբեթ 2-րդին հրավիրել Թորիների նոր առաջնորդին ձևավորելու կառավարություն: Միևնույն օրն իշխող կուսակցության նոր ղեկավարն իր նոր նստավայրի` Դաունինգ փողոց 10 հասցեից հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով:
Հիշեցնենք, որ արդեն նախկին վարչապետ թերեզա Մեյը հրաժարական ներկայացրեց Brexit-ն իրագործել չկարողանալու հարցում իր հասցեին հնչող մեղադրանքների և քննադատությունների, ինչպես նաև ներկուսակացական տարբեր ինտրիգների ֆոնին: Անդրադառնալով Brexit-ին, որի «շնորհիվ» Բորիս Ջոնսոնը դարձավ իշխող Թորիների նոր առաջնորդն ու վաղը կստանձնի նաև երկրի վարչապետի լիազորությունները, պետք է հիշեցնենք, որ նա համարվում է եվրահոռետես և մշտապես եղել է ոչ միայն Brexit-ի, այլև «կոշտ» Brexit-ի (Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու ) կողմնակից: Թորիների առաջնորդի համար մրցապայքարի ընթացքում սա դարձավ նրա նախընտրական պայքարի հիմնական թեզը: «Կոշտ» Brexit իրագործելու համար Ջոնսոնը նույնիսկ առաջարկել է հոկտեմբերին ժամանակավորապես կասեցնել երկրի խորհրդարանի գործունեությունը, որպեսզի այն որևէ կերպ չկարողանա խոչընդոտել առանց գործարքի Brexit-ի գործընթացին: Ի պատասխան Ջոնսոնի այս հերթական արտասովոր հայտարարությանը, անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն օրինագիծ ընդունեց, որով կկասեցվի Ջոնսոնի այս մտայնությունը:
Այս ամբողջ ընթացքում Ջոնսոնը շարունակել է բարձրագոչ հայտարարություններ անել առ այն, որ, ստանձնելով վարչապետի պաշտոնը, ինքը կիրագործի այն, ինչ անկարող եղավ անել Թերեզա Մեյը` Մեծ Բրիտանիայի համար շահեկան փոփոխություններ անել Եվրամիության հետ համաձայնագրում կամ լքել Եվրամիությունն առանց որևէ գործարքի: Հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը մեկ անգամ չէ հանդես եկել պատասխան հայտարարություններով` բացառելով համաձայնագրում փոփոխություններ կատարելու և բանակցությունները վերսկսելու հնարավորությունները, հետաքրքիր է լինելու, թե ինչպես է Բորիս Ջոնսոնն ի կատար ածելու իր խոստումները: Չի բացառվում, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը ստանձնելուց և տարբեր իրողությունների բախվելուց հետո արդեն վարչապետ Ջոնսոնը խմբագրումներ կատարի իր հռետորաբանությունում և գործի առավել պրագմատիկ տեսանկյունից: