Փոքր սրացումները չհաշված, մենք առաջնագծում հիմնականում ունենք ստաբիլ վիճակ։ Այս մասին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Օրբելի կենտրոնում Արցախի խնդրի մասին հրավիրած քննարկման ժամանակ, փոխանցում է Panorama.am-ը։
«Մենք ունենք բավականին հանգիստ երկարատև փուլեր, ինչը բավականին կարևոր է, քանի որ թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստավածության գործընթացներով»,-ասաց նա։
ՊՆ ներկայացուցիչը նկատեց, դրա հետ մեկտեղ առկա է Ադրբեջանի կողմից թե առանձին, թե Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվացում կամ դրա ներկայացում, միաժամանակ մի փոքր թույլացել է ռազմական հռետորաբանությունը։
«Հայաստանի Հանրապետության ու Արցախի ԶՈՒ-երը բարձրացնում են իրենց մարտունակությունը, ձեռք են բերում զենք-զինամթերք։ Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարել ենք, բավականին ծավալային զենք զինամթերքի ձեռք բերման մասին։ Դա մշտական պրոցես է»,-ասաց նա։
Քննարկմանը մասնակցող ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգեց, հայկական կողմը պնդում է՝ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում։
«Արցախը այս հակամարտության գլխավոր սուբյեկտն է, պետք է ունենա ամրապնդված սեփականության զգացում գործընթացի նկատմամբ։ Եթե իրապես մենք ուզում ենք այս գործով արդյունավետություն ունենանք, պետք է ունենանք արցախի լիարժեք ներգրավվածություն»,-ասաց Ա. Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակաությանը, ապա ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, մշտապես ասել են՝ Հայաստանի առաջնահերթությունն է Արցախի ֆիզիկական անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակը։
«Սա մեր բացարձակ գերակայություններն են այս գործընթացում»,-ասաց բանախոսը։
Երրորդը բանակցությունների միջավայրին վերաբերող հարցն է, հայկական կողմը չի հավատում, որ առաջնագծում լարվածության, ռազմատենչ հռետորաբանության, հայատյացության առկայության պայմաններում հնարավոր է բանակցել ու արդյունք ապահովել։
«Ուստի, Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով բանակցում, անհնար է»,-նշեց նա։