Հուլիսի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ հնարավորինս ձեռնպահ կմնա ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց: Առաջին անգամ չէ, որ նախագահ Սարգսյանը փորձում է խուսափել ներքաղաքական կարևոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումն ու տեսակետն արտահայտելուց՝ վկայակոչելով սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Ավելին, անգամ այն դեպքերում, երբ պարզապես պարտադիր է նախագահի խոսքն ու գնահատականը, ունենում ենք պարզապես ոչինչ չասող ու բուն խնդիրը շրջանցող, անկարևոր ձևակերպումներով հայտարարություններ: Ասվածի վառ վկայությունը դատարանների մուտքերը արգելափակելու Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչից հետո Արմեն Սարգսյանի արած հայտարարությունն էր: Ո՞րն է պատճառը. նախագահին չի՞ հուզում երկրում տիրող իրավիճակը, նախագահը վախենու՞մ է իշխանություններին դեմ կարծիք արտահայտել, թե՞ նախագահի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Վատ է ցանկացած պարագայում:
Սակայն միաժամանակ հարցեր է առաջացնում նաև այն, թե ինչու նախագահը որոշեց նման ուղերձ հղել հենց հիմա: Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է և իր ուղերձը հղել է հենց այնտեղից: Նախագահը չսպասեց Հայաստան վերադառնալուն, ինչը տրամաբանական հարց է առաջ բերում՝ ինչու՞: Ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, որոնց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց նախագահը նախընտրեց հրաժարվել օր առաջ: