Ֆրանսիան մտադիր չէ չեղարկել տեխնոլոգիական ոլորտի հսկաների նկատմամբ սահմանած տուգանքը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բուրնո Լե Մերը։
Նա ասել է, որ Ֆրանսիան հարկերը կգործադրի ամեն պարագայում, քանի որ թվային գործունեության ընդհանուր հարկումն այնպիսի խնդիր է, որը բոլորին է վերաբերում։
Հուլիսի 11-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենքի նախագիծ էր ընդունել, որով նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայություններից տարեկան ընդհանուր եկամուտի 3%-ի չափով թվային ծառայությունների հարկ սահմանել:
Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է այնպիսի խոշոր ընկերությունների մասին լինել, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը, Google-ը:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփը սպառնացել էր բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը՝ ի պատասխան այդ երկրի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի: