«Հակահրթիռային պաշտպանության ոլորտում ամերիկյան և իսրայելական երկարատև համագործակցության ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել: Հաջող փորձարկումը ոչ միայն երկու երկրների ազգային անվտանգության համար կարևոր իրադարձություն էր, այլև օգնել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգությանը», - գրել է Բոլթոնը Twitter- ում:
Նա տեղադրել է Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածի հղումը, որում ներկայացված են Ալյասկայում որսող հրթիռների 10-օրյա փորձարկումները: Պարբերականի տեղեկություններով՝ սա Իսրայելի սահմաններից դուրս հրթիռների առաջին փորձարկումն էր:
«Հեց-3» («Նետ-3») հրթիռը 2 երկրները մշակում են իսրայելական ՀՀՊ «վերին էշելոնի» ուժեղացման համար, որը, ըստ դրա ճարտարապետների մտահղացման, պետք է արդյունավետորեն հակազդի պոտենցիալ սպառնալիքներին՝ պաղեստինցի գրոհայինների զինանոցի ինքնաշեն ռեակտիվ արկերից մինչև իրանական բալիստիկ հրթիռներ:
Փորձարկումների անցկացման մասին կիրակի հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ հրթիռային համալիրը թիրախի մթնոլորտային հաջող որսում է կատարել նախկինում անհասանելի արագություններով և բարձրություններում: Նա հավաստիացրել է, որ այս հրթիռն Իսրայելին թույլ կտա խփել Իրանի բալիստիկ հրթիռները, եթե Թեհրանը որոշի հարձակվել հրեական պետության վրա: