Մինչ Հայաստանի իշխանությունները հույս էին փայփայում, որ Ադրբեջանի հետ կարողացել են պայմանավորվել հրադադարի պահպանման մասին և սկսել էին հայտարարել, որ կառուցողական երկխոսության մեջ են պաշտոնական Բաքվի հետ, վերջինս էլ ավելի կոշտացրեց հռետորաբանությունը:
Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սրացման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ուղղակի տեքստով ասվում է, որ սրացումները և լարվածությունը շարունակվելու են, քանի դեռ բանակցային գործընթացում չեն կատարվում իրենց պահանջները: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը բացահայտ շանտաժի է ենթարկում հայկական կողմերին:
Իսկ ադրբեջանական կողմի պահանջը նույնն է՝ հայկական զորքերի դուրսբերում «ադրբեջանական տարածքներից» և փախստականների վերադարձ: Նույնիսկ այս հարցում Ադրբեջանը «քայլ առաջ» է անում՝ շեշտելով, որ օկուպացված տարածքների տակ հասկանում է «Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները»: Սակայն առավել մտահոգիչն այն է, որ Ադրբեջանն արդեն նույնիսկ չի ձևացնում, որ մտադիր է պահպանել հրադադարը, այլ արդեն որերորդ անգամ բաց տեքստով հայտարարում է, որ հնարավոր է համարում բանակցություններ վարելը կրակոցների ֆոնին և կրակոցները չեն դադարելու, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվում:
Սա արդյունքն է այն չհիմնավորված լավատեսության, որ տածում էին Հայաստանի նոր իշխանությունները Դուշանբեում ձեռք բերած բանավոր պայմանավորվածություններից հետո: Արդյունքում, ադրբեջանական կողմն ամրապնդեց դիրքերը, բարելավեց միջազգային իմիջն ու կոշտացրեց դիրքորոշումը, իսկ հայկական կողմը թուլացրեց զգոնությունն ու տրվելով՝ բանակցություններ չկոչվող քննարկումներին, տպավորություն ստեղծեց ադրբեջանական կողմի մոտ, որ մեզ հետ կարելի է խոսել վերջնագրերի և շանտաժի լեզվով:
Այսօր հայկական կողմերի խնդիրն է մի կողմից՝ հասնել միջազգային հանրության և միջնորդների հասցեական արձագանքի, մյուս կողմից՝ Ադրբեջանի այս հռետորաբանությունն իր դեմ օգտագործել բանակցային գործընթացում և հասնել հրադադարի ամրապնդման այնպիսի գործուն մեխանիզմների հաստատման, որոնք երկարաժամկետ երաշխիքներ կստեղծեն և կբացառեն ուժի սպառնալիքի պայմաններում բանակցային գործընթացի առաջմղումը: