ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության չափը խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանություններին ոչ միայն չի հաջողվում թավշյա հեղափոխությունը կապիտալիզացնել հայ-ամերիկյան հարաբերություններում, այլև պահպանել նախորդ տարիների ցուցանիշը:
2020 թվականին ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի 6.75 մլն դոլար: Հիշեցնենք, որ 2019 թվականին այդ գումարը կազմել էր 6.4 մլն դոլար, 2018-ին` 6.80 մլն, 2017-ին` 26.41 մլն, իսկ 2016-ին՝ 23.10 մլն դոլար:
Վերջին մեկ տարում ՀՀ իշխանությունները Արևմուտքի հետ հարաբերություններում փորձում են կապիտալիզացնել Թավշյա հեղափոխությունը և դրա շնորհիվ մեծացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Եվրամիության դեպքում, այս տարի արդեն արդյունք ունենք: Սակայն պետք է նկատել, որ դա ոչ թե հեղափոխության կապիտալիզացիան է, այլ՝ նախատեսվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունը:
Միացյալ Նահանգների դեպքում, սակայն, տեսնում ենք հակառակ գործընթացը՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը վերջին երկու տարիներին նվազում է՝ ընդ որում բացասական դինամիկան առկա է ոչ միայն «Foreign assistance» ծրագրի շրջանակում. ունենք նաև ԱՄՆ կողմից անվտանգության ոլորտի ֆինանսական օգնության կտրուկ նվազում:
Նման իրավիճակն ունի օբյեկտիվ պատճառներ, սակայն դրանում փոքր չէ նաև ՀՀ իշխանությունների դերը: Հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում օրակարգային թիվ մեկ խնդիրը մեզ համար շարունակում է մնալ 2018 թվականի ապրիլ-մայիսի ներքաղաքական զարգացումների համար ֆինանսական օգնության մեծացումը, ինչն առնվազն նորմալ չէ: Այս մեկ տարվա ընթացքում, ի տարբերություններ ԵՄ հետ հարաբերությունների, ԱՄՆ հետ հարաբերություններում մեզ այդպես էլ չհաջողվեց ձևավորել իրական օրակարգ: Տպավորություն է, որ ՀՀ նոր իշխանությունները դեռևս ամբողջությամբ չեն պատկերացում ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներուժը, այնպես էլ ԱՄՆ հետ աշխատանքի առանձնահատկությունները: