Միացյալ Նահանգներն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին ներառել են պատժամիջոցների ցուցակում, հայտնում է Reuters գործակալությունը:
«Զարիֆն իրականացնում է Իրանի Գերագույն առաջնորդի անխոհեմ քաղաքականությունը և հանդիսանում է վարչակարգի հիմնական ներկայացուցիչն ամբողջ աշխարհում», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում առկա ակտիվների սառեցում և ցուցակի ֆիգուրանտի հետ համագործակցության արգելք ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների համար: Զարիֆը հայտարարում է, որ ինքը ԱՄՆ տարածքում որևէ ակտիվ չունի:
Նշվում է նաև, որ Վաշինգտոնն այլևս մտադիր չէ Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ և առաջիկայում ցանկանում է բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: