Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան հինգշաբթի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) համաժողովի շրջանակում Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի հետ բանակցությունների ընթացքում պահանջել է հանել առևտրային սահմանափակումները, որոնք Տոկիոն մտցրել էր Սեուլի հանդեպ: Այս մասին հայտնում է Kyodo-ն։
Նշվում է, որ Կան Գյոն Հվան նաև պահանջել է իր ճապոնացի գործընկերոջից վերանայել Հարավային Կորեան այն երկրների ցուցակից հանելու որոշումը, որոնցում առանց սահմանափակումների, պարզեցված սխեմաներով մատակարարվում են ճապոնական նանոնյութեր և բարձրտեխնոլոգիական բաղադրիչներ։ Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է համապատասխան քայլի դիմել օգոստոսի 2-ին։
Ճապոնիայի ԱԳ նախարարը, ի պատասխան այդ պահանջների, ընդգծել է, որ Տոկիոյի նախաձեռնած քայլերն ուղղված են Ճապոնիայի ազգային անվտանգության ապահովմանն ու տեղավորվում են միջազգային իրավունքի նորմերի շրջանակում։