Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մեր արտաքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը երեխայական պահվածքի դրսևորում է: Այն ցույց է տալիս Վաշինգտոնի դիրքերի թուլությունը Իրանի հետ դիմակայությունում»,- նախագահի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը: Նրա կարծիքով՝ «անկարելի է հայտարարել երկխոսության ձգտելու մասին և միևնույն ժամանակ պատժամիջոցներ կիրառել նման մակարդակի պաշտոնյաների վրա»:
Ռոուհանիի խոսքով՝ «եթե ամերիկացիները երկխոսություն են ցանկանում, ապա պետք է հասկանան, որ այն իրականացվելու է արտաքին գործերի նախարարության և նրա ղեկավարի միջոցով»: