Չինական արտադրանքի վրա մաքսատուրքերի բարձրացումը շարունակելու Սպիտակ տան մտադրությունը հարկ է դիտել որպես սխալ, որը թույլ չի տա Չինաստանին և Միացյալ Նահանգներին հաղթահարել կոնֆլիկտային իրադրությունն առևտրի ոլորտում: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է ՉԺՀ-ի արաքին գործերի նախարար Վան Ին:
«Դա մեր առևտրատնտեսական հակասությունները կարգավորելու բացարձակապես ոչ ճիշտ մեթոդ է»,- ասել է նա լրագրողներին Բանգկոկում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամների միջնախարարական հանդիպման ընթացքում:
Իր հերթին Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը հայտնել է, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են համարժեք միջոցներ ձեռնարկել ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից չինակական արտադրանքի վրա մաքսատուրքերի ազդարարված բարձրացմանը: «Եթե ԱՄՆ-ը բարձրացնի մաքսատուրքերը, ապա չինական կողմը պատասխան միջոցներ կձեռնարկի: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է լավ մտածի նման քայլեր կատարելուց առաջ, քանի որ նա ստիպված կլինի բախվել իր գործողությւնների աղետալի հետևանքներին»,- ասել է նա բրիֆինգում: