ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր՝ օգոստոսի 2-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես դուրս է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից:
«Փետրվարի 2-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին 6 ամիս ժամանակ տվեց, որպեսզի վերադառնա պայմանագրի կատարմանը: Ռուսաստանը հրաժարվել է, ուստի պայմանագրի գործողությունն այսօր ավարտվում է: ԱՄՆ-ը չի մնա պայմանագրի մասնակից, երբ ուրիշները խախտում են այն», - գրել է Պոմպեոն Twitter-ում:
Պայմանագրի գործողության դադարեցումը հաստատել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (որի իրավահաջորդն է Ռուսաստանը) միջև ստորագրված այս համաձայնագրով ԱՄՆ-ին և Ռուսաստանին արգելվում էր ունենալ ցամաքային տեղակայության 500-5500 կմ գործողության շառավղով բալիստիկ և թևավոր հրթիռներ: Այս պատմական համաձայնագրի առաջին տարիներին կողմերը միասին ոչնչացրել են ավելի քան 2600 հրթիռ, ինչն ինքնին նվազեցնում էր միջուկային պատերազմների վտանգը:
Միջազգային հանրության մոտ մտավախություն կա, որ պայմանագրի չեղարկումը կհանգեցնի նոր սառը պատերազմի և Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների մրցավազքի: Սա միանգամայն իրական սցենար է, եթե Վաշինգտոնին և Մոսկվային չհաջողվի սպառազինությունների ոլորտում ռազմավարական հավասարակշռությունը պահելու համար նոր մեխանիզմ ստեղծել: Սակայն այս հարցում կարևոր է նաև Չինաստանի գործոնը: Այն էական նշանակություն է ունեցել Ռուսաստանի հետ պայմանագիրը խզելու Թրամփի որոշման ընդունման հարցում: Չինաստանն այժմ հայտարարում է, որ չի պատրաստվում մասնակցել այդ հարցով որևէ բանակցության:
Հիշեցնենք, որ միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ այսօր իրենց զինանոցում ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորենա, Իրանն ու Իսրայելը: Ռուսաստանի և ԱՄՆ միջև կնքված համաձայնագիրը, մեծ հաշվով, արդեն չէր ապահովում այս զինատեսակների վրա վերահսկողությունը, և արդեն կարիք կար նոր համաձայնագրի՝ համապատասխանող արդի աշխարհաքաղաքական իրավիճակին: