Հնդկաստանը չեղարկում է Սահմանադրության 370-րդ հոդվածը, որով ամրագրվում է երկրի հյուսիսային վիճելի Ջամմու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը, և վերջինիս տրամադրվում է ավելի մեծ ինքնավարություն, քան երկրի մյուս շրջաններին: Այս հոդվածը դրված է նահանգի՝ Հնդկաստանին միանալու հիմքում: Նյու Դելիի կողմից հոդվածը չեղարկելու որոշումն ընդունվում է Ջամմու և Քաշմիր նահանգի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդներին տնային կալանքի տակ վերցնելու, նահանգում հավելյալ 10 հազարանոց հնդկական բանակ տեղակայելու և հնդկական բանակը բարձր մարտական պատրաստվածության բերելու ֆոնին:
Այս ամենը ոչ միայն քաղաքական ճգնաժամ է առաջացնում Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի հյուսիսային այս նահանգում, այլև մեծացնում է լարվածությունն ու անկայունությունը ողջ տարածաշրջանում:
Օգոստոսի սկզբին Հնդկաստանի և Պակիստանի միջև գրանցվեց հերթական էսկալացիան: Պակիստանը Հնդկաստանին մեղադրում է օգոստոսի 3-ին կասետային ռումբեր կիրառելու մեջ, ինչի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել՝ 11 խաղաղ բնակիչ: Հնդկաստանը հերքում է այդ մեղադրանքներն՝ իր հերթին հայտարարելով, որ այդ նույն օրը սպանվել է Պակիստանի տարածքում տեղակայված առնվազն 5 զինյալ, որոնք հարձակում էին պատրաստում Հնդկաստանի դեմ: Պակիստանը հերքում է այս մեղադրանքները:
Քաշմիրի շուրջ լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև չի թուլանում ընթացիկ տարվա փետրվարից, երբ Պակիստանը խոցեց հնդկական ՄիԳ-21, իսկ Հնդկաստանը՝ պակիստանյան F–16 կործանիչ: Այս լարվածությունը դարձավ պատասխանը նահանգում փետրվարի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության, որ արդյունքում զոհվել է 45 մարդ:
Կողմերն այս ընթացքում որևէ կերպ չեն կարողանում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը օգոստոսի 4-ին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը: «Նախագահ Թրամփը առաջարկել է Քաշմիրի հարցով միջնորդի դերը: Եկել է ժամանակն այն ստանձնելու, քանի որ իրավիճակն այնտեղ և բաժանման գծում վատանում է Հնդկաստանի օկուպացիոն ուժերի կողմից նոր արգերսիվ գործողությունների պատճառով», - գրել է Խանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Պակիստանը վաղուց է փորձում ԱՄՆ-ին, որպես միջնորդ, ներգրավել քաշմիրյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն Հնդկաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս հարցը երկկողմ ձևաչափից դուրս բերելուն: Նյու Դելին արդեն հերքել է լուրերն այն մասին, թե իբր վարչապետ Նարենդրա Մոդին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդես գալու միջնորդությամբ: Միևնույն ժամանակ և՛ Հնդկաստանում, և՛ Պակիստանում հայտարարում են, որ չեն պատրաստվում ուղիղ բանակցություններ վարել, քանի որ դիմացի կողմը պատրաստ չէ երկխոսության:
Հիշեցնենք, որ հակամարտող այս երկու երկրները տիրապետում են միջուկային զենքի, և լարվածության խորացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ այդ թվում հարևան երկրների համար: