Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուգ է հայտարարված մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո, որոնք օրեր առաջ ցնցել են երկիրը: Ընդհանուր առմամբ, զոհվել է առնվազն 29 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը: Զանգվածային սպանությունները մտել են երկրի արյունահեղությունների պատմությունների տասնյակի մեջ:
ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում զանգվածային հրաձգության երեք դեպք է գրանցվել: Նախ՝ Տեխասի Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart առևտրի կենտրոնի վրա հարձակման արդյունքում զոհվել էր 20 մարդ, 26-ը ՝ վիրավորվել: Իրավապահները ձերբակալել են հանցագործին, որը 21-ամյա Պատրիկ Քրուիզիոսն է։ Հարձակումից առաջ նա Twitter-ում մանիֆեստ է հրապարակել՝ հավանություն տալով այս տարվա մարտ ամսին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Նա հայտարարել էր, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ-ի մշակույթն ու տնտեսությունը։
Դրանից հետո կրակոցներ են հնչել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, զոհվել է 9 մարդ, ներառյալ հրաձիգը, ևս 26-ը տուժել է: Հարձակվողը 24-ամյա Քոնոր Բեթսն էր: Զոհվածների թվում է եղել նաև նրա քույրը:
Երրորդ դեպքը գրանցվել էր Չիկագոյի մանկական հրապարակում, որի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Անհայտ անձը կրակ է բացել սև Chevrolet Camaro-ից: Ձերբակալվածի մասին տեղեկություն չի հաղորդվում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերը կապված են հոգեկան հիվանդության խնդրի հետ: Նա հրաձիգներին անվանել է «լուրջ հոգեկան հիվանդներ»։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ զանգվածային հրաձգությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, և դա պետք է կանգնեցնել:
Ամփոփելով, կարելի է վերոնշյալ հրաձգությունները որակել որպես ահաբեկչություն: Պետք է նշել, որ ԱՄՆ-ում զենքի վաճառքի հետ կապված կարգավորումները թերի են. 18 տարին լրացած ցանկացած անձ կարող է զենք գնել: Աճող ահաբեկչություններին քիչ թե շատ իր նպաստն է բերում նաև Թրամփի կողմից ռասիստական տրամադրությունների տարածումը: