Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին և հանդես եկել ելույթով:
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարևոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների և հաջողությունների հիմքն ու գրավականը:
«Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, և մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից, մեր գերնպատակից, որը հզոր ու միացյալ հայրենիքի կերտումն է ու զորացումը: Եվ սա համազգային խնդիր է: Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը և Սփյուռքը: Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի ընդմիշտ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը: