Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը և կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների առջև: Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում ունեցած իր ելույթում: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Ստոլտենբերգը որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի և Չինաստանի մրցակցության ուժգնացումը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» և գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի իբր «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաև այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» միջամտությունը:
Ստոլտենբերգի կարծիքով՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, ինչպես նաև Օսլոյի և Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ևս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների և դրանց հետ կապված հանցավորության զարգացումը: «Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները»,- նշել է նա և հավելել, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ:
Վերջում Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել համագործակցությունն ամրապնդել այն նպատակով, որպեսզի հաղթահարեն «անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որոնց բախվում են արդի միջազգային իրադրության պայմաններում»: