Հյուսիսային Կորեան բանկերի և կրիպտոարժույթի բորսաների վրա կիբեռհարձակումների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար անկախ փորձագետների պատրաստած զեկույցը:
«ԿԺԴՀ-ն կիբեռտարածությունն օգտագործել է հնարամիտ գրոհների համար ֆինանսական հիմնարկություններից և կրիպտոարժույթի բորսաներից միջոցների հափշտակման նպատակով՝ եկամուտ ստանալու համար»,- մեջբերում է գործակալությունը փորձագետների հայտարարությունը: Զեկույցում նշվում է, որ եղել է առնվազն 35 նման հարձակում: Դրանցից տուժել է առնվազն 17 երկիր:
Reuters-ի տվյալներով՝ զեկույցում ասվում է, որ հավաքված գումարն օգտագործվել է զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերի օժանդակման համար: