Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց որևէ համաձայնության: Այդ մասին գրում են Daily Telegraph-ը և Guardian-ը, որոնց հայտնի են դարձել Եվրահանձնաժողովի պաշտոնյաների և Եվրամիության 27 երկրների այն դիվանագետների միջև հանդիպման մանրամասնությունները, որոնք պատասխանատու են «բրեքսթի» համար:
Ինչպես գրում են հրատարակությունները, բառացիորեն մինչև անցյալ շաբաթ Բրյուսելում իշխում էր այն կարծիքը, թե հոկտեմբերին «բրեքսիթին» նվիրված հերթական գագաթնաժողովում Բրիտանիան կխնդրի հերթական հետաձգման մասին:
Բայց անցյալ շաբաթ Բորիս Ջոնսոնի հատուկ խորհրդական Դևիդ Ֆրոսթի հետ կայացած հանդիպումից հետո Եվրամիության ներկայացուցիչների համար ակնհայտ է դարձել, որ Բրիտանիան չունի «Բ» պլան, զիջումների ոչ մի պատրաստակամություն, այլ կա սոսկ «Ա» պլանը՝ «առանց պայմանագրի բրեքսիթը»: