Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի և Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել է Associated Press Of Pakistan գործակալությունը:
«Պակիստանի բանակը մինչև վերջ հաստատուն կերպով կաջակցի Քաշմիրի բնակիչների արդարացի պայքարին,- ընդգծել է գեներալը:- Մենք պատրաստ ենք ցանկացած գործողության մեր պարտավորությունները կատարելու համար»: Ավելի վաղ Պակիստանի վարչպետ Իմրան Խանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Ջամուի և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումը կբերի տարածաշրջանի խաղաղության ու կայունության կործանման: Իր հերթին Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում:
«Պակիստանը վճռականորեն դատապարտում է Ջամուի և Քաշմիրի նահանգի վերաբերյալ Հնդկաստանի կառավարության հայտարարությունը,-ասված է հաղորդագրության մեջ:-Ինչպես հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը: Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով է օժտում Ջամուի և Քաշմիրի նահանգը:
Ինչպես խորհրդարանում հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի և Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն և Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը և դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաև այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի և կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն և Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:
Ջամուում և Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատականներին աջակցելու մեջ: Իսլամաբադն այդ մեղադրանքները մերժում է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար: