Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրատեսական ծրագրերը մեզ այլևս չեն հետաքրքրում, մեզ անիրատեսական ծրագրերն են հետաքրքիր: Իսկապես, գուցե երկրի զարգացման համար պետք են, անհրաժեշտ են անհատներ՝ առաջին հայացքից անիրատեսական ու խենթ գաղափարներով: Գուցե… Սակայն միանշանակ է, որ երկրի զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ է կառավարություն՝ իրատեսական ու իրականանալի ծրագրով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով:
Վարչապետի կողմից անիրատեսական ծրագրերից խոսելը հերթական փախուստն է իրականությունից ու իրական պատասխանատվությունից: Ի վերջո, իրատեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է հետևողականություն և լավ մշակված քաղաքականություն՝ իր կոնկրետ ու շատ հստակ քայլերով: Իրատեսական ծրագրերի իրականացման դեպքում ակնկալվում է շատ իրական, շոշափելի արդյունք, ինչն ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ է պետք ունենալ:
Ի վերջո, այս մեկ տարին բավարար ընթացք էր՝ հասկանալու համար, որ իրատեսական ու շոշափելի արդյունքներ այս կառավարությունն ի վիճակի չէ ապահովել: Կտրուկ անցումը դեպի երկարաժամկետ պլանավորման՝ կիսատ ու անավարտ թողնելով դեռ մեկ տարի առաջ արված խոստումները, առանձնապես հույս չի ներշնչում, որ երկարաժամկետ կրտվածքով պլանավորված քայլերը երբևէ իրականություն կդառնան: Ի վերջո, վարչապետն ինքն ասեց՝ մեզ անիրատեսական ծրագրեր են հետաքրքիր… Այլ կերպ ասած՝ ժողովու՛րդ, լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ: