Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի չորս զինծառայողների զոհվելու առիթով հրավիրված արտակարգ խորհրդակցության արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում: Ուկրաինական կողմը գտնում է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից:
«Ես այսօր առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,-ասել է Զելենսկին:-Շտապ կարգով զանգահարել եմ նրան և ասել, որ այս իրավիճակը մեզ չի մոտեցնում խաղաղության»:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ ազդել «այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն սպանությունները»:
Նաև, Զելենսկու խոսքով, Պուտինի հետ քննարկվել է ուկրաինացի բանտարկյալների վերադարձման հարցը: