Օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, ինչպես և սպասելի էր, լայն արձագանք ստացան: «Միացում» վանկարկումները և «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումը ոչ միայն հաճելի էր հանրահավաքի ներկաների ականջին, այլև «ոգևորության» ալիք բարձրացրեց Ադրբեջանում: Բաքուն որսաց պահը՝ հերթական անգամ Հայաստանին ագրեսոր ներկայացնելու համար՝ հղվելով այս անգամ արդեն ոչ թե սեփական եզրակացությունների, այլ անձամբ ՀՀ վարչապետի խոսքերի վրա:
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին, որի հիմնական շեշտադրումներն, ի դեպ, սպասելի էին, արձագանքեց նաև ՀՀ ԱԳՆ-ն: Արտգործնախարարության հայտարարությունը փորձ էր սրբագրելու վարչապետի ելույթը՝ միաժամանակ մեղադրելով Բաքվին անձնական բնույթի հարձակումների և քաղաքավարության ու պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու անկարողության մեջ: «Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը», - ի պատասխան Բաքվի հայտարարության՝ ասաց ՀՀ ԱԳՆ-ն` հիշեցնելով, որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Ակնհայտ է, որ ի տարբերություն վարչապետ Փաշինյանի՝ ԱԳՆ-ում քաջ գիտակցում են այդ հայտարարություններից բխող վտանգներն ու մարտահրավերները՝ անասելի մեծ ջանքեր գործադրելով սրբագրել դրանք: Որքանով է արդյունավետ ԱԳՆ-ի այս քաղաքականությունը՝ ցույց կտա ժամանակը: Սակայն սթափ դատողությունն ու տրամաբանությունը հուշում են, որ ԱԳՆ-ն այսօր պիտի լծված լինի Փաշինյանի միանձնյա որոշմամբ հայտարարված մարտավարական կտրուկ փոփոխություններից բխող նոր մարտահրավերներն ու հնարավորությունները հասկանալով և հայկական կողմի նոր գործողությունների ծրագիրը մշակելով: Անօգուտ է ժամանակ վատնել վարչապետի խոսքերը սրբագրելով: