Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի: Այդ մասին օգոստոսի 8-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից:
«Բիշքեկի և Չույի մարզի հիվանդանոցներ բժշկական օգնության է դիմել 48 մարդ»,- հայտարարել են գերատեսչությունում: Տուժած հատուկջոկատայիններից մեկը գործողության ժամանակ մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վերքի պատճառով:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա Քոյ Թաշ գյուղում սկսել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամաբաևին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը: Նրանք նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:
Երկրի նախկին նախագահը մեղադրվում է ապօրինի հարստացման, հողամասի զավթման, Բիշքեկի ՋէԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման մեջ: Աթամբաևն իրեն ուղղված մեղադրանքները որակել է «անհեթեթ» և հայտարարել, որ մաքուր է ժողովրդի հանդեպ և պատրաստ է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր բոլոր արարքների համար:
Ալամզբեկ Աթամբաևը երկիրը ղեկավարել է 2011-ից մնչև 2017 թվականը: