Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվել են ստեղծել գործողությունների համատեղ կենտրոն Սիրիայի հյուսիսում ստեղծվող անվտանգության գոտին կառավարելու և գործողությունները համակարգելու համար: Այս մասին հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և Անկարայում ամերիկյան դեսպանությունը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երեք օր տևած բանակցությունների արդյունքում: Համաձայնագրում ասվում է, որ գոտին պետք է լինի «խաղաղ միջանցք» Սիրիայի և Թուրքիայի սահմանին, ինչպես նաև նշվում է ռազմական գործողություններից փախած սիրիացիների՝ իրենց հայրենիք վերադառնալու համար բոլոր հնարավոր միջոցառումների ձեռնարկման մասին:
Միևնույն ժամանակ հայտարարություններից ոչ մեկում չի նշվում, թե կողմերին արդյոք հաջողվել է հաղթահարել երկու հիմնական տարաձայնությունները՝ ինչ տարածք է զբաղեցնելու անվտանգության գոտին և ում հրամանատարության տակ են գտնվելու անվտանգության գոտում պարեկություն անող ուժերը:
Նշենք, որ գործողությունների կենտրոնը տեղակայված է լինելու Թուրքիայում: